Մեր պատմությունները
Յուրաքանչյուր ծրագրի ու նախաձեռնության հիմքում իրական մարդիկ են՝ իրենց փորձով, բացահայտումներով և նոր ձեռքբերումներով։ Այստեղ ներկայացված պատմությունները ցույց են տալիս, թե ինչպես են ստեղծագործելը, սովորելը, շարժվելն ու նոր կապերի ձևավորումը փոխում մեծահասակների առօրյան՝ այն դարձնելով ավելի ակտիվ, հետաքրքիր և լիարժեք։ Բացահայտե՛ք նրանց պատմություններն ու այն փոփոխությունները, որոնք ստեղծում ենք միասին։

Տիկին Անթառամ

«Ձեռքդ Տուր»-ը մեծ փոփոխություններ է բերում մարդկանց կյանքում․ բարձրացնում է ինքնավստահությունը, օգնում զարգացնել նոր հմտություններ և ձևավորել սոցիալական կապեր։ Շատերն այստեղ բացահայտում են իրենց ստեղծագործական տաղանդները, իսկ ոմանց աշխատանքներն անգամ Ֆրանսիայում կազմակերպված ցուցահանդես-վաճառքի ընթացքում ներկայացվել և վաճառվել են։
Շաբաթը երկու օր այցելում ենք կենտրոն, բայց դա էլ է քիչ թվում (ժպտում է)։ Տան ու կենցաղի շրջանակում փակվելու փոխարեն բացահայտում ենք նկարչության և կավագործության աշխարհը, միասին գնում ենք ֆուտբոլ դիտելու, բոուլինգ խաղալու, այցելում ենք օպերա, թատրոն ու կինո։
Երբ կողքիդ մարդիկ կան, սկսում ես ապրել ավելի ակտիվ և հետաքրքիր։ Եթե ամեն մեկս տանը մնար, գուցե ցանկանար որևէ տեղ գնալ, բայց շարունակ հետաձգեր, ինչպես ես եմ հաճախ արել։ Իսկ այստեղ միասին մասնակցում ենք արտթերապիայի պարապմունքների, հանդիպում գրողների ու տարբեր մասնագետների հետ և մեզ համար նոր աշխարհներ բացահայտում։ Այստեղ կյանքը փոխելու միասնական կամք կա»։
Տիկին Կարինե
«Երկար տարիներ աշխատել եմ Տրանսֆորմատորների գործարանում՝ որպես վերահսկիչ։ 90-ականներին, երբ գործարանները փակվեցին, ամբողջությամբ կենտրոնացա ընտանիքիս վրա։ Ամուսնուս, երկու որդիներիս, իսկ հետո նաև թոռներիս հետ երջանիկ կյանք էինք ապրում։ Սակայն 2020 թվականին որդուս կորստից հետո ամեն ինչ փոխվեց։
Առաջին անգամ «Ձեռքդ Տուր» եկա 2023 թվականին՝ թոռնիկիս հետ։ Նրա լոգոպեդը՝ Մարիամը, որը նաև «Ձեռքդ Տուր»-ի հիմնադիրներից է, մեզ հրավիրել էր մասնակցելու միջոցառմանը։
Դեմ դիմաց մոլբերտներ էին դրված․ մի կողմում երեխաներն էին նկարում, մյուսում՝ մեծահասակները։ Երբ ինձ էլ առաջարկեցին նկարել, անմիջապես ասացի՝ նկարել չգիտեմ։ Հետո ինձ մի քանի պատկեր առաջարկեցին։ Ընտրեցի կարապներին և ինքս էլ չհասկացա, թե ինչպես սկսեցի նկարել։ Ստացվեց, և հետո այդ կտավի մեջ մի ամբողջ պատմություն տեսա։
Այստեղ շատ ընկերներ եմ գտել։ Նրանցից մեկն Անթառամ Պետրոսյանն է։ Նա ինձնից շատ ավելի համարձակ է, և մեր մտերմությունն օգնեց, որ նորից դուրս գամ մարդկանց մեջ։ Ես նրան «բժշկուհի» եմ ասում, որովհետև շատ խիստ է հետևում իր առողջությանը, իսկ ես՝ հակառակը։
65 տարեկան եմ, բայց տարիքն իսկապես պարզապես թիվ է դառնում, երբ շարունակ նոր բան ես փորձում։ Երբ նայում եմ տանը փակված իմ հասակակիցներին, մտածում եմ՝ տան գործին երբեք վերջ չի լինելու, իսկ կյանքում դեռ այնքան հետաքրքիր բան կա բացահայտելու։
«Ձեռքդ Տուր»-ն իմ կյանքը լուսավորել է։ Ինչպես մթից հետո բացվում է լուսաբացը, այնպես էլ ես հիմա զգում եմ, որ լուսաբացն արդեն անցել եմ և մտնում եմ կյանքի ավելի արևոտ շրջան»։

